Հայ-իսրայելական խորհրդարանական բարեկամության խումբը առայժմ ակտիվություն չի դրսեւորում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ, հայ-իսրայելական պատգամավորական խմբի անդամ Արմեն Մարտիրոսյանը: Պատասխանելով հարցին, թե արդյոք հայտնի՞ է` ով է ղեկավարելու իսրայելական կողմում պատգամավորական խումբը, Մարտիրոսյանն ասաց, թե որեւէ տեղեկություն այդ մասին չունի: Նրա խոսքով` հայկական կողմում խումբը բավական ներկայացուցչական է, որի կազմում ընդգրկված են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: «Խումբն առայժմ ակտիվություն չի ցուցաբերում, ցավոք փոխադարձ այցելություններ տեղի չեն ունենում, որոնք կամրապնդեին երկու կողմերի միջեւ անձնական եւ դիվանագիտական կապերը»,-հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:
Միեւնույն ժամանակ պատգամավորը կարծիք հայտնեց, որ խորհրդարանական խմբերի ակտիվությունն էապես պայմանավորված է քաղաքական առաջնահերթություններով եւ երկու երկրների միջեւ առկա փոխադարձ հետաքրքրություններով: Սակայն, մատնանշելով Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ գործընեկրային հարաբերությունները, խորհրդարանականն ընդգծեց, որ շահերը կարող են փոփոխվել: Այս համատեքստում Արմեն Մարտիրոսյանը չբացառեց, որ Իսրայելում եւ Երեւանում դեսպանությունները ոչ միայն կնպաստեն երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը, այլ նաեւ կակտիվացնեին խորհրդարանական խմբի աշխատանքները:




























