Ջիմ Հոլթոնն ամերիկյան Վիսկոնսինից ավելի քան հինգ հազար դոլար է նվիրաբերել պետությանը մետաղադրամների տեսքով, որոնք նա կուտակել էր տարիներ շարունակ, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով NBC News-ը։

Ինչպես պատմել է չորս երեխաների հայրը, նա սկսել էր մետաղադրամներ հավաքել, երբ ծնվեց ընտանիքի ավագ որդին: Առաջին խնայատուփն արագորեն լցվեց, սակայն տղամարդը կանգ չառավ: Նա որոշեց շարունակել մետաղադրամներ հավաքել, մինչեւ որ երեխաները կավարտեն ավագ դպրոցը, որպեսզի դրանից հետո ամբողջ ընտանիքը կարողանա «զվարճանալ», օրինակ՝ ուղեւորվի Եվրոպա ճանապարհորդելու: Ըստ նրա հաշվարկների՝ նա պետք է հազար կամ 1․5 հազար դոլար հավաքեր:

Ընտանիքի հայրը գումարը պահում էր նկուղում եւ պլանավորում էր ձեռք չտալ դրանց եւս մի քանի տարի, սակայն երբ իմացավ, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Միացյալ Նահանգները կանգնած են մետաղադրամների դեֆիցիտի առջեւ, որոշեց, որ պետք է իր ներդրումն ունենա երկրի տնտեսությունը փրկելու գործում: Նա կապ հաստատեց բանկի հետ եւ պայմանավորվոց մետաղադրամները փոխանցելու մասին, որ ավելի քան 130 կիլոգրամ քաշով մետաղադրամների, խնայատուփերը եւ տարաները ստիպված էին տեղափոխել սայլակով։

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի համավարակի ֆոնին ամերիկացիները վարակվելու վախից սկսել են նախապատվություն տալ անկանխիկ վճարման մեթոդներին: Արդյունքում, ԱՄՆ բնակիչները զգալի քանակությամբ մետաղադրամ են կուտակել՝ մետաղադրամների շրջանառության դեֆիցիտ առաջացնելով եւ լիարժեք ճգնաժամ հրահրելով երկրում: ԱՄՆ կառավարությունը դիմել էր ամերիկացիներին՝ խնդրելով վճարել մետաղադրամներով կամ փոխանակել դրանք թղթադրամների բանկերում կամ հատուկ ապարատների միջոցով։