Լյուբերցում դատարանի շենքի առջեւ, որտեղ «դատում էին» 12 հայի, զրահատեխնիկա եւ ռուսական գվարդիականներ էին տեղակայվել: Լյուբերցում ձերբակալված հայերին, որոնք մեղադրվում էին ադրբեջանցիներին պատկանող ռեստորանի վրա հարձակման մեջ, նույնիսկ մեղադրանք չէր առաջադրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը: Նրա խոսքով՝ երիտասարդները ձերբակալվել էին առանց հիմնավորումների:
«Նրանք նույնիսկ մոտ չեն գնացել ռեստորանին: Ռեստորանի սեփականատերերը ոստիկանություն են դիմել՝ հայտնելով, որ կոտրել են ռեստորանի ցուցափեղկերը, եւ դրանում հայերն են մեղավոր: Այսինքն՝ մեղադրանք ազգային պատկանելիության հատկանիշով: 2 ժամ անց սկսել են փնտրել մեղավորներին: Ոչ մի խելացի բան չեն մտածել՝ բացի հայկական համարանիշներով ավտոմեքենաները կանգնեցնելուց: Հայտարարության մեջ ասվում է, որ հարձակվողները հայեր են, որ նրանք եղել են հայկական համարանիշներով ավտոմեքենաներով»,-նշեց փաստաբանը:
Նա նաեւ հայտնեց, որ տուժող է ճանաչվել ոմն Սալիհա Մամեդովը, սակայն ավելի ուշ պարզվել է, որ նա հարձակվողներին չի տեսել:
«Նա այդ մասին իմացել է ռեստորանի աշխատակիցներից, սակայն այդ պահին ռեստորանում չի եղել: Այնտեղ են եղել խոհարարն ու եւս մեկը, սակայն նրանք ոչինչ չեն տեսել եւ չգիտես ինչու՝ որոշել են, որ հարձակում են գործել հայերը»,-հավելեց Կիրակոսյանը՝ նշելով, որ ցավոք ոչ մի նկարահանող սարք մոտակայքում չի եղել:
Միեւնույն ժամանակ, նա հայտնեց, որ համացանցում այնուամենայնիվ տեսանյութ է հայտնվել, սակայն որակն այդքան էլ լավը չէ, եւ հնարավոր չէ տեսնել մեղավորներին:
Նրա խոսքով՝ «Ֆուդ Սիթի» շուկայում տեղի ունեցած միջադեպից հետո հայերի եւ ադրբեջանցիների միջեւ լարվածություն է առաջացել, եւ արդյունքում Լյուբերցում հայ երիտասարդները սկսել են իրենց ուժերով պարեկությունը:
«Նրանք ինքնակազմակերպվեցին, վերցրեցին մի քանի հայկական դրոշներ ու սկսեցին վերահսկել ամբողջ քաղաքի իրավիճակը: Տեսնելով նրանց՝ տվյալ ադրբեջանական ռեստորանի սեփականատերերը կամ աշխատակիցներից մեկը սկսել են նրանց հասցեին վիրավորանքներ հնչեցնել՝ ոչ նորմատիվ ադրբեջանական լեքսիկայի օգտագործմամբ: Այդ ժամանակ 1-2 մարդ է դուրս եկել ավտոմեքենայից, որպեսզի իմանա նման պահվածքի պատճառը: Այդ ժամանակ էլ ինչ-որ մեկը էմոցիոնալ պոռթկման արդյունքում հարձակում է սկսել: Սակայն թե ով է դա եղել, մենք չգիտենք»,-պարզաբանեց Կիրակոսյանը: Այդ ժամանակ հայկական համայնքը հայտնել է, որ պատրաստ է գտնել այդ մարդուն, եթե նկարագրեն նրան:
Սակայն ոչ ոք այդպես էլ չի նկարագրել:
Փաստաբանը նշեց, որ այժմ ձեռնարկվում են միջոցներ՝ մեղմելու լարվածությունը:
«Լյուբերցի քաղաքապետի մոտ այդ հարցով խորհրդակցություն է անցկացվել: Որոշում է ընդունվել, որպեսզի յուրաքանչյուր համայնք աշխատի իր ներկայացուցիչների հետ: Հայկական համայնքը հավաստիացրել է, որ պատրաստ է խաղաղություն ապահովել: Իրականում իրավիճակը շատ լարված էր: Մենք այնտեղ էինք 2-3 օր, աշխատում էինք հայկական բնակչության հետ: Դատարանի շենքի առջեւ զրահատեխինկա եւ գվարդիականներ էին տեղակայվել: Մենք պայթյունի էինք սպասում, սակայն, բարեբախտաբար, մեզ հաջողվեց խուսափել դրանից»,-նշեց նա:
Հարցին, թե արդյոք կարելի է համարել, որ ձերբակալված հայերի ազատ արձակումը զիջում էր Լյուբերցի քաղաքապետի կողմից, փաստաբանն ասաց, որ տվյալ որոշումը խելամիտ էր. «Իհարկե, ողջունելի է քաղաքապետի որոշումը: Տվյալ իրավիճակն անդրադառնում է ամբողջ քաղաքի կյանքի վրա»:
Հիշեցնենք, որ մերձմոսկովյան Լյուբերց քաղաքում, որտեղ ընթացել է 12 հայ երիտասարդների գործով դատական նիստը, ավարտվել է: Քննչական մարմիններն անկարգություններին նրանց մասնակցության որեւէ ապացույց չեն ներկայացրել: Դատական նիստի ժամանակ փաստաբանին հաջողվել է ապացուցել, որ կալանքի մասին միջնորդությունն անհիմն է: Դատարանը մերժել է միջնորդությունը՝ նրանց ազատելով դատարանի դահլիճից:




























