«Քաղաքական վիճաբանությունները, կապված հայ-թուրքական գործընթացի հետ, հասել են անպատկառության եւ ոչ պատշաճ դրսեւորումների»,-այս մասին ՀՀ ԱԺ-ի ամբիոնից հայտարարել է պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցի ժամանակ ֆրանսիական ոստիկանության եւ Փարիզի հայ համայնքի ներկայացուցիչների միջեւ ընդհարումը արտասովոր երեւույթ է։
«Այնուհանդերձ, որոշ քաղաքական ուժեր, ելնելով իրենց շահերից, ձգտում են անջրպետ առաջացնել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ։ Այդ ուժերը ղեկավարվում են հետեւյալ սկզբունքով՝»որքան վատ, այնքան լավ"։ Եւ ձգտելով խոչընդոտել հայ-թուրքական երկխոսությունը՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի ջրաղացին ջուր են լցնում՝ սեւացնելով Հայաստանը, նրա կառավարությունը եւ ամբողջ հայ ժողովրդին",-հայտարարեց Ավետիսյանը։ Նա Հայաստանի քաղաքական ուժերին կոչ արեց հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված համախմբվել նախագահ Սարգսյանի շուրջը, քանի որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հայ ժողովրդի շահերից է բխում։




























