Բեյրութում նավահանգստի մոտ տեղի ունեցած հզոր պայթյունի հետաքննության նախնական արդյունքները ցույց են տալիս, որ պատճառը կարող էր լինել անփութությունն ու երկար տարիներ իշխանությունների անգործությունը, հաղորդում է Reuters-ը: Պայթյունի հետեւանքով ավելի քան 100 մարդ է զոհվել:

Լիբանանի նախագահ Միշել Աունի խոսքով՝ 2,750 տոննա սելիտրա, որն օգտագործվել է պարարտանյութեր եւ պայթուցիկներ պատրաստելու համար, պահվել է նավահանգստում 6 տարի առանց անվտանգության միջոցառումների պահպանման:

«Դա անփութություն է»,-ասել է պարբերականի աղբյուրը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հրդեհ է բռնկվել 9 պահեստում, ապա տարածվել 12 պահեստում, որտեղ էլ պահվել է սելիտրան:

Լիբանանի մաքսային ծառայության պետ Բադրի Դահերն ասել է, որ մաքսայինները 6 անգամ փաստաթղթեր են ուղարկել, որում զգուշացրել են պահվող նյութի վտանգավորության մասին:

Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ թիմը, որը 6 ամիս առաջ ստուգել է բեռը, զգուշացրել է, որ եթե այն դուրս չվերվի, ապա «ամբողջ Բեյրութը կարող է օդ բարձրանալ»:

Գործակալությունը ծանոթացել է փաստաթղթերին, որոնցում նման առաջարկներ են արվել դեռ 2014 եւ 2015 թվականներին: