Հայաստանի պետեկամուտների կոմիտեն խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը:

Դեռեւս ապրիլի 26-ին NEWS.am-ը բանավոր հարցմամբ դիմել էր ՊԵԿ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին` պարզաբանում ստանալու մամուլում տեղ գտած մի տեղեկատվության վերաբերյալ: Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ինտերնետայյին պարբերականներից մեկը գրել էր, որ ՀՀ Պետեկամուտների կոմիտեն վերջերս Toyota ընկերության Հայաստանի ներկայացուցչությանը պատվիրել է 50 ավտոմեքենա, որի շուրջ, նույնիսկ, համապատասխան պայմանագիր է կնքվել ՊԵԿ-ի եւ ընկերության միջեւ։ «Օրերս, 8 ավտոմեքենա ստանալուց հետո, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրահանգով դադարեցվել է գործարքը, եւ պայմանագրով նախատեսված մյուս 42 ավտոմեքենաները այլեւս ՊԵԿ-ը չի ստանալու: Հիշեցնենք, որ Toyota մեքենաների հայաստանյան ներկայացուցիչը` Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին է` Սեդրակը»,- գրել էր թերթը:

Պարբերաբար զանգահարելով ՊԵԿ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին` լսում էինք նույն պատասխանը` ձեր հարցման մասին գիտենք, ձեր տվյալները մեզ մոտ են, եթե նորություն եղավ, կզանգենք: Չէինք էլ կարող ենթադրել, որ  ՊԵԿ-ին անհրաժեշտ կլինի 20 եւ ավելի օր` ընդամենը ճշտելու` մի պայմանագիր է կնքվել, թե ոչ:  Բայց դեռ 20 օրն էլ բավարար չէ, որովհետեւ դեռ հայտնի չէ, թե այդ հարցման պատասխանը երբ կլինի: Հետաքրքիր է` ինչքան ժամանակ է անհրաժեշտ ՊԵԿ-ին` ճշտելու, թե պայմանագիր է կնքվել Toyota-ի հետ, թե ոչ:

Դիմեցինք նաեւ Toyota ընկերության Հայաստանի ներկայացուցչությանը, բայց պատասխանեցին` «no comment»` նշելով, որ նման ինֆորմացիա չեն կարող տալ:

Ի դեպ, նշենք, որ 2003 թվականի սեպտեմբերի 23-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հոդվածի 9-ի համաձայն`բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր՝ հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում: NEWS.am-ը առաջին անգամ չէ, որ բախվում է ՊԵԿ-ի` տեղեկատվություն տրամադրելու ժամկետները խախտելու սովորության հետ: