«ՀԺ»-ն անդրադարձել է մայիսի 14-ին Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում հայտնաբերված կնոջ դիակի փաստին, ինչի մասին NEWS.am-ը հայտնել է ավելի վաղ: Ըստ ոստիկանության, երեկվա դրությամբ արդեն հաստատված էր, որ հայտնաբերվածը 2010 թվականի դեկտեմբերից որպես անհետ կորած որոնվող 53-ամյա Մարինե Գալստյանի դին է: «Մեր ունեցած տեղեկություններով, այն, որ հայտանաբերվածը Մարինե Գալստյանն է, հաստատել են նրա հարազատները, որոնք ճանաչել են դին, ճանաչել են նաեւ նրա հագուստը: Կնոջ մտերիմների խոսքով, իրենք պատկերացում չունեն, թե ով եւ ինչ պատճառով է սպանել Մարինեին»: Ոստիկանությունը կնոջ անհետացման կապակցությամբ քրեական գործ է հարուցել ՔՕ 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով, այժմ կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ ջրամբարում, որտեղից հայտանաբերվել է Գալստյանի դին, հայտնաբերվել էին նաեւ Երեւանի մի քանի խանութների տարադրամի փոխանակման կետերից գողացված չհրկիզվող պահարաններ: «ՀԺ»-ն գրում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Երեւանում հայտնվել էին պրոֆեսիոնալ գողեր, որոնք նույնանման գործողությունների շարք էին իրականացրել. չորս հոգանոց խմբի անդամները տեխնիկական միջոցների գործադրմամբ բացում էին խանութների դռները, դուրս բերում դրանցում գործող տարադրամի փոխանակման կետերի չհրկիզվող պահարանները եւ հանգիստ հեռանում: «Արդյոք այդ հանցավոր խումբը որեւէ կապ ունի՞ 53-ամյա կնոջ սպանության հետ: Ոստիկանությունից այս մասին դեռեւս ոչինչ չեն հայտնում»,-գրում է թերթը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























