Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (Աբովյանի նստավայր) այսօր` մայիսի 17-ի իր որոշմամբ, «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի տնօրեն Մարատ Ջանվելյանի որդի Արմեն Ջանվելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմեն Ջանվելյանի նկատմամբ երկամսյա կալանքի միջնորդությամբ դատարան էր դիմել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի քննիչը: Դատավոր Հրաչյա Սարգսյանը դռնփակ դատական նիստում բավարարել է միջնորդությունը:
Դատական նիստից հետո Արմեն Ջանվելյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոտայքի մարզում մայիսի 11-ին 17:30-ի սահմաններում, «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի տնօրեն Մարատ Ջանվելյանն` իր երկու որդիների` Գեղամի ու Արմենի, նաեւ մի քանի անձանց հետ Կոտայքի մարզի Հատիս գյուղում վիճաբանության մեջ է մտել գյուղացիների հետ եւ ծեծի ենթարկել նրանց: Մասնավորապես, ծեծի են ենթարկվել Հատիս գյուղի բնակիչներ հայր եւ որդիներ Գեւորգ, Ռազմիկ եւ Մեխակ Մեխակյանները: Գյուղացիները հայտնել են, որ վիճաբանության ժամանակ Ջանվելյաններն իրենց մոտ եղած հրազենով կրակոցներ են արձակել: Գյուղացիների պատմելով վիճաբանության պատճառը եղել է այն, որ Մարատ Ջանվելյանին պատկանող կովերը մտել են գյուղացիների արոտավայրերն ու ցորենի դաշտերը: Գյուղացիները կովերին մի տեղ են հավաքել եւ լուր ուղարկել Ջանվելյանին, որ գա իր անասուններին տանի: Մարատ Ջանվելյանն էլ իր որդիների ու կողմնակիցների հետ եկել է գյուղ ու գյուղացիների խոսքով, «մի կաթիլ մեղրի» պատմությունը սարքել: Ոստիկանությունն արդեն առգրավել է Արմեն Ջանվելյանի կողմից ներկայացրած 2 հրազենները:
Ոստիկանության Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օերնսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի հրազեն ձեռք բերելը, իրացնելը եւ պահելը ) հոդվածների հատկանիշներով:
Մայիսի 13-ի երեկոյան ձերբակալվել էին նաեւ Ջանվելյանի երկու որդիները` Գեղամ եւ Արմեն Ջանվելյանները: Մայիսի 14-ին «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի տնօրեն Մարատ Ջանվելյանն բերման է ենթարկվել ոստիկանություն եւ հարցաքննվելուց հետո ստորագրությամբ ազատ արձակվել: Ձերբակալվել է Ջանվելյանի վարորդը` Արգիշտ Վարդանյանը:




























