Սանկտ-Պետերբուրգում ՀԱՊԿ, ԱՊՀ եւ ԵԱՀԿ քաղաքական կոմիտեների համատեղ նիստում բարձրացվել է Ադրբեջանի միլիտարիզացիայի եւ ռազմատենչ հայտարարությունների հարցը:

Բաքվի սադրիչ պահվածքի հարցը բարձրացրել է հայկական պատվիրակության պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ով շեշտը դրել է Ադրբեջանի ագրեսիվ վարքի, այդ երկրի ղեկավարության շուրթերից հնչող հայտարարությունների եւ ռազմական բյուջեի պարբերական ավելացման վրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շարմազանովը նկատել է, որ իր ելույթում ընդգծել է Ադրբեջանի նման պահվածքի անթույլատրելիությունը` միջազգային հանրությանը կոչ անելով համարժեք գնահատական տալ:

Հատկանշական է, որ այս անգամ ադրբեջանական պատվիրակությունը չի կարողացել երգել իր ավանդական երգը տարածքների եւ փախստականների մասին եւ պատասխան տալ հայ պատգամավորներին, քանի որ նախապես ելույթի համար չէին հերթագրվել:

Նիստին մասնակցել են նաեւ Իսլամական Կոնֆերանս կազմակերպության ներկայացուցիչները: