Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր` մայիսի 17-ին  հանդիպել է Եվրախորհրդարանի փորձագետների եւ պատգամավորների օգնականների պատվիրակության հետ` որոնք Հայաստանում են Հայաստանի եվրոպական բարեկամներ (European Friends of Armenia) կազմակերպության աջակցությամբ:

ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ ստեղծված ճգնաժամից դուրս գալու հնարավոր ելքերը: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտի առանցքային հարցերին: Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է Կոնգրեսի դիրքորոշումները Եվրամիության հետ համագործակցության, հայ-ռուսական հարաբերությունների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: