Որոշ կոմպոզիտորներ վստահ են, որ «Եվրատեսիլ-2011» մրցույթում հաղթած ադրբեջանական դուետի ներկայացրած Running Scared երգն իր հարմոնիկ ուղղվածությամբ նման է ամերիկյան One Republic խմբի Secret երգին:
«Ես կասեի, որ երգերը նման են: Ադրբեջանցի զույգը ոգեշնչվել են այդ կատարումով: Այստեղ կա ընդհանուր տրամադրություն, ընդհանու հարմոնիկ, մելոդիկ ուղղվածություն, բայց հաղթող երգը, անկասկած, պետք է ավելի օրիգինալ լիներ»,- Life Showbiz-ին հայտարարել է ռուսաստանցի երգիչ եւ կոմպոզիտոր Դմիտրի Մալիկովը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Նրա հետ համաձայն է ռուսաստանցի երգիչ Կայ Մետովը: «Երբ խոսքը գնում է պլագիատի մասին, պետք է հասկանալ, որ մենք խոսում ենք մեղեդու մասին: Այս երկու երգերում օգտագործվում է նույն, այսպես կոչված, հարմոնիկ շարքը: Եթե անգամ ադրբեջանական դուետի երգից հանենք մեղեդին եւ թողնենք միայն ակորդները, ապա ունկնդիրը կնկատի այդ շարքի նմանությունը»,- ասել է Կայ Մետովը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթում, որն անցկացվել է մայիսի 10-14-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում, Ադրբեջանը ներկայացնող Էլդար Գասիմովն ու Նիգյար Ջամալը գրավել են առաջին հորիզոնականը:
Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 43 երկիր, որից եզրափակիչ են անցել 25-ը: Հայաստանը կիսաեզրափակչում պարտվել է եւ եզրափակչին չի մասնակցել:





























