Այն բանից հետո, երբ Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիթ Վիլյան վնասվածք է ստացել եւ ստիպված է եղել հրաժարվել 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականի դեմ խաղում հանդես գալուց, թիմի գլխավոր մարզիչ Վինսենտ Դել Բոսկեն երկար գլուխ չի ջարդել եւ ազգային հավաքական է կանչել «Սեվիլիայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոյին։
Արժե նշել, որ Իսպանիայի հավաքականի այս փոփոխությունը ընդամենը մի քիչ կթեթեւացնի Հայաստանի հավաքականի խնդիրը, քանի որ Նեգրեդոն իսպանական բարձրագույն լիգայի ամենատաղանդավոր հարձակվողներից մեկն է։ Նա այս տարվա օգոստոսին է «Սեվիլիա» տեղափոխվել Մադրիդի «Ռեալից»։ Այդուհանդերձ, երկու ակումբների միջեւ պայմանավորվածություն կա, որ «Ռեալը» երկու տարվա ընթացքում կարող է ետ գնել նրան։




























