Վաշինգտոնը վերանայել է Լեհաստանում հակաօդային պաշտպանության կայանքներ տեղակայելու իր պլանները։ Այսպիսով, հակաօդային պաշտպանության Patriot հրթիռները, որ Լեհաստանին կտրամադրի ամերիկյան կողմը, ուսումնական մարտագլխիկներով չեն լինելու, ինչպես առաջ էր նախատեսվում, այլ մարտական։ Այդ մասին, ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, ԱՄՆ-ից վերադառնալուց հետո հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության փոխնախարար Ստանիսլավ Կոմորովսկին։ Նրա խոսքերով, այդ հարցը կքննարկվի հոկտեմբերի վերջին՝ լեհ-ամերիկյան բանակցությունների ընթացքում։
Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնել է Կոմորովսկին, Վարշավային առաջարկվել է Լեհաստանի տարածքում տեղաբաշխել թիկունքի ապահովման պահեստներ եւ SM-3 (Standard Missile 3) տեսակի հրթիռների արձակման համար ղեկավարման հենակետեր։ SM-3 հրթիռները կարող են որսալ եւ ոչնչացնել հակառակորդի ոչ միայն միջմայրցամաքային, այլեւ մոտ եւ միջին հեռահարության հրթիռները։
Լեհաստանում ՀՕՊ կայանքներ տեղակայելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին հայտնի դարձավ դեռեւս սեպտեմբերի կեսերին։ Նոր կայանքի հարմարավետության եւ արդիական լինելու մասին սեպտեմբերի 17-ին հայտարարեց Բարաք Օբաման։ Ամերիկյան կողմը հավաստիացրել է, որ այդ ՀՕՊ կայանքները կարելի է ինտեգրել Լեհաստանի ՀՕՊ ընդհանուր համակարգի մեջ։




























