«Ազատություն» ռադիոկայանը մտադիր է մեկ ամսից հեռարձակում սկսել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: Ըստ ռադիոկայանի ներկայացուցիչ Մարտինես Զվաներսի, ամենօրյա մեկ ժամանոց ռուսերեն լեզվով հաղորդումը եթերում կլինի նոյեմբերի 2-ից: Այդ հաղորդումը կպատրաստվի «Ազատության» Պրահայում գտնվող կենտրոնակայանում վրացական եւ ռուսական խմբագրությունների կողմից, որին կներգրավեն նաեւ ողջ տարածաշրջանում իրենց լրագրողները:

Ավելի վաղ, Պրահայում նշվում էր, որ այդ ծրագիրը ղեկավարելու է «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Անդրեյ Բաբիցկին, ով հայտնի էր դարձել չեչեն ահաբեկիչ Շամիլ Բասաեւի հետ հարցազրույց նախաձեռնելու շնորհիվ: Զվաներսն ասել է, որ Բաբիցկին «կապ ունի նախագծի հետ», բայց «դեռ որոշված չէ» արդյո՞ք հենց նա կգլխավորի այդ նախագիծը:

Ռադիոկայանի ներկայացուցիչը նշել է, որ պատրաստվող ծրագիրն իր բովանդակությամբ պետք է լինի «դասական» (նորություններ եւ ընթացիկ իրադարձությունների ամփոփումներ, հաշվի առնելով տեղի բնակչության հետաքրքրությունները) եւ բացառապես խաղաղասեր ուղղվածությամբ, որը կբերի «հաշտության եւ տարածաշրջանում տարբեր տեսակետների եւ կողմերի միջեւ մերձեցման»: Այստեղ անհասկանալի է մնում, թե ինչպես է այդ ենթադրվող անաչառությունը համատեղվելու ամերիկյան պաշտոնական տեսակետի հետ, ըստ որի ԱՄՆ-ը չի ճանաչում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: