Հազարավոր բողոքող ցուցարարներ են դիմավորել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Լիբանանում: Բեյրութի հայկական համայնքի ներկայացուցիչները փորձել են այս կերպ ցուցադրել իրենց դժգոհությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման նախաստորագրված արձանագրությունների առնչությամբ:

Նշենք, որ Բեյրութը Հայաստանի ղեկավարի համահայկական շրջագայության նախավերջին կանգառն է:

Ինչպես հաղորդում է BBC-ն, ցուցարարները, որ հավաքվել էին Սերժ Սարգսյանի հանգրվանած հյուրանոցի առջեւ, թափահարում էին հայկական դրոշները, նաեւ՝ Հայաստանի եւ Թուրքիայի համաձայնությունը դատապարտող պաստառներ: «Մենք հավաքվել ենք այստեղ, որովհետեւ „ոչ“ ենք ուզում ասել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այդ համաձայնագրին: Դա անարդար է, չի կարելի վերցնել եւ միանգամից մոռանալ անցյալը»,- հայտնել է, մասնավորապես, ցույցի մասնակիցներից Անի Դիդանյանը: «Նրանք (թուրքերը) պետք է հատուցեն գողացված հողերի համար, պետք է հատուցեն մեկուկես միլիոն զոհերի համար»,- հավելել է նա:

BBC-ն նաեւ նշում է, որ Լիբանանի հայերը հետնորդներն են այն հայերի, որ կենդանի են մնացել Օսմանյան կայսրությունում 1915թ. կատարվածից հետո:

«Նախագահ Սարգսյանին դժվար է լինելու համոզել Սփյուռքին, որ հասել է Թուրքիայի հետ հաշտվելու ժամանակը: Գործնականում հայկական բոլոր քաղաքական կուսակցություններն ու Լիբանանի Հայ եկեղեցին կտրականապես դեմ են համաձայնությանը: Հնարավոր է, որ Հայաստանն ինքը կարիք ունի խթանման, որ նրա տնտեսությանը կտա Թուրքիայի հետ կապերի հաստատումը: Սակայն հայկական սփյուռքում այն տրամադրությունն է տիրում, որ համաձայնությունը դավաճանություն է 1915թ. զոհերի հիշատակի նկատմամբ»,- եզրակացնում է BBC-ի թղթակից Ջիմ Մյուիրը: