Նոյեմբերի 27-ին Գերմանիայում, որտեղ մոտ 40 հազար հայ է ապրում, կանցկացվեն հայկական մշակույթի օրեր՝ «Գերմանիան ու հայերը» խորագրով,- հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի մշակութային հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչները։ Միջոցառումները, որոնք անց են կացվում արդեն վեցերորդ տարին, տեղի կունենան Քյոլն քաղաքում։

Այս տարի տոնակատարությունները կմեկնարկեն հայ մեծ երգահան Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմամբ, որի ժամանակ կներկայացվեն նրա կյանքը, գործունեությունն ու ստեղծագործությունը։

Միջոցառմանը կմասնակցեն Հայ Առաքելական եկեղեցուԳերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեգջյանը եւ Կոմիտասի անվան երգչախումբը։ Կներկայացվի «Հայկական հետքը Գերմանիայում» թեմայով զեկույց, իսկ Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցում կմատուցվի պատարագ։

Միջոցառման ավարտին տեղի կունենա գրական երեկո, որի ընթացքում դրամատուրգ եւ թարգմանիչ Քոնրադ Կուխնը կներկայացնի հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի մասին իր նոր գիրքը։