Թուրքիայում իրենց դասախոսություններում հայոց հարցը շոշափող որոշ դասախոսների վերջին գործողությունները վեճեր են ծնել, քանի որ նրանց որոշ բացատրություններ ատելության տարրեր են պարունակում, գրում է թուրքական Today’s Zaman-ը։
Վերջին օրինակներից մեկը եղել է Դիարբեքիրի Դիջլիի համալսարանում, ուր դասախոս, դոցենտ Յըլմազ Փոլատը այդ հարցը 380 ուսանողների համար դրել է քննության։ Պատասխանի մի քանի տարբերակներ ունեցող հարցը, որն ունի նաեւ «ճիշտ է» եւ «սխալ է» պատասխաններ, այսպես է հնչում. «Օսմանյան կայսրությունը հայերի հանդեպ ցեղասպանություն չի իրականացրել։ Որոշ ոչ լոյալ հայեր, ովքեր համագործակցել են ռուսների հետ եւ մատնել են օսմանական բանակը, գերմանացիների կողմից պարտադրված արտագաղթի ժամանակ մահացել են սովից, հիվանդություններից եւ ցրտից, այդ պատճառով էլ հայ բնակչությունը Թուրքիայում նվազել է»։
Մեկ այլ դեպքում Ստամբուլի Բուրհան Ֆելեք միջնակարգ դպրոցում ազգային անվտանգության ուսուցիչ, գնդապետ Սինան Օզը ցույց է տվել մահացած մարդկանց մարմիններով լուսանկարներ՝ ասելով, որ դրանք «հայերի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սպանված թուրք երեխաներ են»։




























