Հյուսիսատլանտյան միությունը ձգտում է վերադառնալ սառը պատերազի ժամանակաշրջանի հակամարտությանը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն զարգացնում է ռազմական ենթակառուցվածքն ու շարունակում աշխատել Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի զարգացմանը։
«Ըստ էության՝ Հյուսիսատլանտյան միությունը ձգտում է վերադառնալ սառը պատերազմի ժամանակաշրջանի հակամարտությանը»,-ասել է Շոյգուն լրագրողներին։
Նա ընդգծել է, որ դրա պատճառն ակնհայտ է։ «Ռուսաստանի Դաշնությունն իրականացնում է անկախ քաղաքականություն, ակտիվորեն մասնակցում է համաշխարհային խնդիրների լուծմանը, ներկայանում որպես միջնորդ կոնֆլիկտները կարգավորելու հարցում»,-ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի աճող միջազգային հեղինակությունը խթանում է ոչ միայն եվրասիական, այլ նաեւ համաշխարհային ինտեգրացիոն միավորումների զարգացումը։
«Այդ ամենը դիտարկվում է Արեւմուտքի կողմից որպես իր առաջնորդության համար մարտահրավեր, որպես ԽՍՀՄ փլուզումից հետո ձեւավորված միաբեւեռ համաշխարհային կարգը տապալելու փորձ»,-նշել է ռազմական գերատեսչության ղեկավարը։




























