Ջոն Ֆ․ Քենեդու նախագահական գրադարանի եւ թանգարանի հետազոտողները գտել են նամակների պահոց՝ գրված այն ամերիկացիների կողմից, որոնք դեմ էին, որ Ջոն Քենեդին Սպիտակ տան միջոցառումներին հյուրերին կոկտեյլներ հյուրասիրի, գրում է AP-ը:
Նամակները նոր պատկերացում են տալիս պաշտոնական միջոցառումների ժամանակ ալկոհոլի հանդեպ մարդկանց զարմանալիորեն տարբեր վերաբերմունքի մասին:
«Լիկյորը բթացնում է ուղեղը եւ բացում լեզուն»,- գրում է Իլինոյս նահանգի Սպարտայի հիասթափված մի քաղաքացի: «Կարո՞ղ ենք ռիսկի ենթարկել մեր ազգային եւ միջազգային անվտանգությունը այսպիսի հնարավոր անտեղյակության պատճառով»:
JFK գրադարանի արխիվագետները ասում են, որ բողոքի նամակները սկսել են գալ այն բանից հետո, երբ թերթերը հայտնեցին Քենեդու առաջին պաշտոնական միջոցառման՝ 1961թ. հունվարին նոր նշանակումների պատվին ընդունելության մասին:
«Առաջին անգամ հյուրասենյակում բար կար, որտեղ մատուցողները կարող էին խառնել մարտինին կամ օղի, սկոթչ, բուրբոն կամ շամպայն լցնել»,- գրում է The Washington Post-ը:
Նամակները, որոնցից որոշնորը տպագիր են, մյուսները՝ ձեռագիր, ցնցում եւ մտահոգություն են հայտնում, որ Միացյալ Նահանգները կկորցնի իր արժանապատվությունն ու հեղինակությունը աշխարհում:
«Հարգելի պարոն նախագահ, կարծում եմ, որ շատերն այսօր նվաստացում եւ ամոթ են զգում, երբ իմանում են, որ մեր Սպիտակ տունը վերածվել է ամոթալի հարբեցողության վայրի»,- ասվում է Այդահոյից Էդիտ Ֆրիցի ուղերձներից մեկում: «Ավելի վաղ ծնված արժանապատվությունն անհետացել է: Թող Աստված ողորմեա քո խեղճ հոգուն»:
«Մեր ազգը հիմնադրվել է քրիստոնեական գաղափարներ դավանող մարդկանց կողմից: Եկեք այդպիսին մնանք»,- ասվում է Այովա նահանգի Դանկերտոնից Ռուբի Թըրների նամակում:
Այն ժամանակ, ինչպես ասում են գիտնականները, Քենեդու վարչակազմը նվազեցրել էր հասարակության արձագանքը փոփոխություններին:
ԱՄՆ նախագահները տարբեր վերաբերմունք են ունեցել ալկոհոլի նկատմամբ: Ասում են, որ ՋորջՎաշինգտոնը վիսկի էր խմում, Դոնալդ Թրամփը ընդհանրապես չի խմում, թեեւ նրան գինի են մատուցում պետական ճաշերին ու այլ միջոցառումներին:
Առաջիկա ընտրություններում Թրամփի մրցակից Ջո Բայդենը նույնպես չի խմում:





























