Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է հակահայկական ելույթները։ Այս անգամ նա Կարսում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ քննադատեց Հրատ Դինքի որդուն՝ Արատ Դինքին եւ հայամետ դիրքորոշման մեջ մեղադրեց Taraf թերթին։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետն անդրադարձել է Taraf թերթում Արատ Դինքի հչապարակմանը, որտեղ հիշեցվել էր Էրդողանի խոսքերը Դինքի սպանության ժամանակ արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքին (ներկայումս փոխվարչապետ, հայտնի է իր հակահայկական դրսեւորումներով) ուղղված «Նա արյունոտ չէ, նա կասկածյալ է» արտահայտությունը։
Էրդողանը Կարսում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ պնդել է, թե ինքը իր տեղակալի նկատմամբ նման արտահայտություն չէր անի։
«Եթե այդ երեխան (Դինքի որդին) նման բան է ասել, ուրեմն՝ ես նրա համար ափսոսում եմ։ Իսկ այդ ամենը հրապարակած թերթին էլ, որը գործիք է դարձել, քննադատում եմ»,-նշել է Էրդողանը։
Թուրքիայի վարչապետը պնդել է, թե իրենք փորձում են Սփյուռքի ազդեցությունից փրկվել եւ Հայաստանից քայլեր սպասել։ «Սակայն, ցավում եմ, որ Թուրքիայում դեռ կա հայամետ գաղափարախոսություն։ Նրանք հայերի դատապաշտպանի դերն են ստանձնել եւ շարունակում են դա անել»,-ասել է Էրդողանը։
Նշենք, որ Արատ Դինքը Taraf-ում տպագրած հրապարակման մեջ քննադատության էր ենթարկել իշխանություններին եւ պատմել էր, որ 2007-ին, երբ սպանվել էր իր հայրը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական այց էր կատարել իրենց տուն։ Արատ Դինքի՝ այն ժամանակվա արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքի հետ կապված հարցին, Էրդողանը պատասխանել է, թե նա ոչ թե արյունոտ է, այլ՝ կասկածյալ։ «Սպանությունից 4 տարի եւ 4 ամիս անց էլ գիտենք վարչապետի համար կասկածյալների արժեքը»,- նշել էր Արատ Դինքը։




























