Մարդու իրավունքների հարցերով զբաղվող եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ պայքարող Այշե Գյունայսուն հայ լրագրողին տված հարցազրույցում նոր մանրամասներ է հայտնել Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի օրը հայազգի զինվոր Սեւակ Բալիկչիի ողբերգական սպանության մասին: Այս մասին գրում է Nouvelles d`Arménie-ին:
«Ռազմական իշխանությունների պաշտոնական հայտարարության համաձայն` նա սպանվել էր նույն ստորաբաժանումից «մոտ ընկերոջ» հետ կատակ անելիս: Այդ «մոտ ընկերը» պարզվում է թուրքական ծայրահեղ ազգայնական է, ով իր ճաշակները չի էլ թաքցրել Facebook-ի իր էջում: Դրանք սակայն արագ հանվել են»,– ասել է Այշե Գյունայսուն` անդրադառնալով Թուրիքիայի եվրոպական հարցերով նախարարի` Սեւակի հուղարկավորության ժամանակ ասված այն խոսքերին, թե «մեր եղբայր Սեւակը ներկայացնում էր Անատոլիայի գույները»:
«Այո, Բաղիշը ճիշտ է. մահացած հայը միշտ էլ «մեր եղբայրն» է: Այո, մենք ներկայացնում ենք մեկ գույն` մուգ սեւ, անհուն սեւ, անվերջ սեւ»,- ասել է Այշե Գյունայսուն:
Նշենք, որ Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը դիմել է դատարան` պահանջելով իրավական միջոցներ կիրառել թուրքական շտաբի դեմ` հասարակությանը մոլորեցնելու եւ ճշմարտությունը թաքցնելու փորձի համար:




























