Պետք է ակնկալել, որ մայիսի 28-ի համազգային տոնը Հայաստանը կդիմավորի առանց քաղբանտարկյալների, ինչը ցանկացած հայ քաղաքացու, քաղաքական ուժի ղեկավարի պահանջն է եղել ի սկզբանե: Այս մասին այսօր` մայիսի 21-ին տեղի  «Ժառանգություն» կուսակցության կողմից հրավիրված  քաղաքացիական համաժողովի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը: Բանտարկյալների հարցը, սակայն, ըստ Հովհաննիսյանի, միակը չէ Հայաստանում: «Դա լակմուսային թուղթ է, բայց մեզ մոտ կա արդարության, արժանապատվության, հացի, աշխատանքի, առողջապահության եւ հանրային կյանքի մնացած բոլոր ոլորտներում արդյունավետ, իմաստալից կյանքի անհրաժետություն»,- նշեց «Ժառանգության» առաջնորդը:

Նրա խոսքով` իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին, որը պետք է արտահերթ կարգով երկրում ձեւավորի նոր իշխանություն, որով պետք է վերացվի կուսակցապետությունը: «Որպեսզի դուրս գանք այս դե ֆակտո իրավիճակից, ապրենք իրավական, դե յուրե երկրում, որտեղ ժողովուրդն է որոշում իր իշխանությունը` ընտրությունների եւ այլ եղանակների միջոցով, պիտի ունենանք չորրորդ հանրապետություն, մեր պետական դրոշի եւ ապագա սերնդի չորրորդ գույն, պիտի ունենանք նոր սահմանադրություն, որը հացի խնդրի գրավականը պետք է լինի: Այս կիսահամակարգը չի գործում»,- նշեց պատգամավորը:

Քաղաքացիական ժողով հրավիրած կուսակցության առաջնորդը նշեց նաեւ, որ իշխանությունը քաղաքացուն վերադարձնելու միջոցով է, որ պետք է լուծել արտաքին խնդիրները: Ըստ նրա` պետք է Հայաստանը ետ կանչի իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից, «որոնք ուղղակիորեն ընդունում են 1921 թվականի բոլշեւիկա-քեմալական պայմանագրերը` իրենց բոլոր նախապայմաններով»:

«Պիտի մերժենք նաեւ Մադրիդյան կոչվող առաջարկները, թե ինչպես` պետք է որոշենք ինքներս: Կամ` մերժել որպես բանակցային մեթոդաբանություն, կամ մեծ ուշացումով ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն` իր սահմանադրական սահմաններով»,- նշեց Հովհաննիսյանը: Նա, դիմելով համաժողովին ներկաներին, հայտարարեց, թե իր մատնանշած խնդիրները` արդարություն, արժանապատմություն, հացի խնդիր եւ այլն, մեկ կուսակցության կամ մեկ անհատի լուծելիք հարցեր չեն: Դրանք լուծելու պարտականությունը դրված է այս սերնդի վրա: