Հայաստանում ստեղծվող հակակոռուպցիոն մարմինը օժտված կլինի օպերատիվ-քննչական միջոցառումների ամբողջ սպեկտրի վարման գործառույթներով։ Այս մասին առցանց քննարկման ժամանակ ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Կարեն Զադոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք նոր մարմինն օգտվել բոլոր հնարավորություններից, օրինակ՝ վարել օպերատիվ գաղտնի նկարահանում։

Զադոյանն արձանագրեց, որ հարցը «մաքուր կառույցի» ստեղծումն է․ եթե նոր սերնդի ինչ-որ բան ենք ստեղծում, անհրաժեշտ է զրոյից ստեղծել։ Ընդ որում՝ նա շեշտեց փորձագիտական ներուժի կարեւորությունը։ Ինչպես պարզաբանեց արդարադատության նախարարության ներկայացուցիչ Մարիամ Գալստյանը, համապատասխան գործառույթներ դրվելու են հակակոռուպցիոն կոմիտեի վրա։

Ինչ վերաբերում է տարբեր մարմինների կրկնվող գործառույթների քաղաքականության շարունակմանը, Կարեն Զադոյանը նշեց, որ անհրաժեշտ է ելնել այդ մարմինների հետապնդած նպատակներից։ Նա միաժամանակ համաձայնվեց, որ գործառույթները կրկնվում են, եւ այդ կապակցությամբ որոշակի մտահոգություն կա։