Բոլոնյան գործընթացը 2011 թվականի հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը  համանախագահելու են Հայաստանը եւ Լեհաստանը: Այդ կապակցությամբ, Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը, Բոլոնյան գործընթացի օրակարգի շրջանակներում, նախատեսել է Հայաստանում իրականացնել մի շարք միջոցառումներ:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 3-10-ը նախատեսվում է կազմակերպել Միջազգային ուսանողական ամառային դպրոց, որի նպատակն է համախմբել Հայաստանի  եւ Բոլոնիայի անդամ երկների ուսանողներին եւ քննարկել Բոլոնիայի գործընթացին առընչվող մի շարք կարեւոր հարցեր, իսկ սեպտեմբերի 8-9-ը նախատեսվում է անցկացնել միջազգային համաժողով` նվիրված բարձրագույն կրթության ֆինանսավորման խնդիրներին:

Համաժողովի ընթացքում կստեղծվի քննարկումների հարթակ` փոխանակելու տեսակետներ բարձրագույն կրթության ֆինանսավորման տարբեր մեխանիզմների եւ կրթության որակի, հավասարության ու արդյունավետության  վրա դրանց ունեցած ազդեցության շուրջ:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն, ի թիվս Բոլոնյան գործընթացի անդամ այլ երկրների նախարարների, հրավեր-նամակներ է ուղարկել Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի նախագահին եւ Ադրբեջանի կրթության նախարարին Բոլոնյան գործընթացի օրակարգի շրջանակում Հայաստանում իրականացվող միջոցառումներին մասնակցելու վերաբերյալ: