Հնդկաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 100.000-ը` կազմելով աշխարհում կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թվի մոտ 10 տոկոսը: Այսպիսով, Հնդկաստանը կորոնավիրուսից մահացության ցուցանիշով երրորդ տեղում է` ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո, հայտնում է Associated Press-ը:

Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է նաեւ կորոնավիրուսով վարակման 79 476 նոր դեպքի մասին: Այսպիսով, երկրում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը հասել է ավելի քան 6.4 միլիոն մարդու:

Կորոնավիրուսի հետ կապված տագնապալի իրավիճակ է դիտվում Հնդկաստանում երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի եւ նրա կառավարության աճող ճգնաժամի ֆոնին, որոնք քննադատվում են կորոնավիրուսը հաղթահարելու քայլերի, ինչպես նաեւ գործազրկության հետ կապված իրավիճակի համար, քանի որ միլիոնավոր մարդիկ են մնացել առանց աշխատանքի:

Սեպտեմբերը Հնդկաստանում ամենավատ ամիսն էր կորոնավիրուսով վարակման եւ մահվան դեպքերի առումով: Միայն այս ամսին բաժին է ընկել վարակման դեպքերի թվի գրեթե 41 տոկոսը եւ կորոնավիրուսից մահվան դեպքերի 34 տոկոսը:

Ընդ որում, միջին հաշվով, օրական մոտ 1100 հնդիկ է մահանում կորոնավիրուսից: