Երեւանի մամուլի ակումբի, «Ինտերնյուս Հայաստան» Հկ-ի եւ Ստամբուլի մշակույթի համալսարանի «Գլոբալ քաղաքական միտումների կենտրոն»-ի կողմից հայ եւ թուրք լրագրողների համար կազմակերպված ավտոբուսային շրջագայության մասնակից, թուրքական Star պարբերականի թղթակից Մեհմեդ Ալի Իզմիրն իր « 96 տարի անց Մուսա լեռից մինչեւ Հայաստան» հրապարակման մեջ անդրադարձել է ստացած տպավորություններին` նկարագրելով առաջին հատվածում միայն Թուրքիայի մասը:
«Թուրքիայից եւ Հայաստանից 15 լրագրող Ադանայից մինչեւ Երեւան գնացին պատմության դառը հետքերով: Մեր այցելած ամեն քաղաքում տեսանք, որ նրանց (հայերին) ստիպել են հեռանալ այդ վայրերից: Տասնյակ տարիների խնդիրը սա է: Մեծ է ցավը, կարոտը, զայրույթը...: Թուրքիայի համար քրդական հարցից հետո ամենախորը, ամենավիճելի եւ ամենադժվար թեման սա է: Թեկուզ այս մեծ ողբերգությանն անուն տալը թողնենք քաղաքագետներին, այս հողերում ապրողները պետք է կրկին հետաքննեն պատմության այդ հատվածը»,-նշել է Ալի Իզմիրը:
Star-ի թղթակիցը անդրադարձել է ճամփորդության ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին` առանձնացնելով այն հանգամանքը, որ Անիում ցուցատախտակներին տեսել է տարբեր ազգությունների անուններ, որտեղ սակայն բացակայել են Անին ստեղծողների` հայերի անունները:
«Վանից Բայազետ գնալու ճանապարհին մեր առջեւ վեր հառնեց Արարատն իր գեղեցկությամբ: Իջնում ենք ավտոբուսից եւ դիտում հսկա լեռը: Մեր ճանապարհի ամեն մի հետաքրքիր հատված վարպետորեն լուսանկարող Տիգրանը նշում է. «Մեր կողմից ավելի գեղեցիկ է այն, կտեսնեք»: Արագ շարունակում ենք ճանապարհը դեպի Կարս, որտեղ Թուրքիայի մեր շրջագայության վերջին կետն է».-գրել է Ալի Իզմիրը` հիշեցնելով ընթերցողին ճանապարհորդության ընթացքում տեղի ունեցած մի «դեպք»:
«Ուրֆան փոքրիկ խռովության առիթ դարձավ: Քյաբաբային խռովության: 3 օր, օրը 2 անգամ մեր հայ գործընկերներին քյաբաբ էին մատուցել: Նրանք Ուրֆայում խռովություն բարձրացրեցին` ասելով. «մենք տեղի ճաշատեսակներն են ցանկանում ուտել, no kebab»: Մենք էլ միացանք այդ խռովությանը»,-նշել է Մեհմեդ Ալի Իզմիրը:
Star-ի թղթակցի հաջորդ հրապարակումն արդեն Հայաստանում անցկացրած օրերի մասին է, որը վերնագրվել է. «Հասկանալ Հայաստանը»:
(շարունակելի)



























