ԱՄՆ 9 նահանգներ հայտնել են վերջին 7 օրում COVID-19-ով հիվանդացության ռեկորդային աճի մասին։ Խոսքը հիմնականում վերաբերում է ԱՄՆ վերին Միջին արեւմուտքին եւ Արեւմուտքին, որտեղ ցուրտ եղանակի պատճառով մարդիկ սկսել են ավելի շատ ժամանակ անցկացնել փակ տարածքներում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Չորս նահանգներում՝ Կենտուկիում, Մինեսոտայում, Մոնտանայում եւ Վիսքոնսինում միայն շաբաթ գրանցվել է նոր դեպքերի ռեկորդային աճ։ Համազգային մակարդակում նույն օրը գրանցվել է 49 հազար նոր դեպքերի աճ, որը վերջին 7 շաբաթում շաբաթ օրվա ամենաբարձր ցուցանիշն է, նշված է Reuters-ի վերլուծության մեջ։

Վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացության նոր ռեկորդներ են սահմանել նաեւ Կանզասը, Նեբրասկան, Նյու Հեմփշիրը, Հարավային Դակոտան եւ Վայոմինգը։

Նյու Յորքը դարձել է 18 նահանգներից մեկը, որտեղ, ըստ Reuters-ի վերլուծության, վերջին երկու շաբաթում նոր դեպքերի թիվը այնքան էլ շատ չի մեծացել։ Այդուհանդերձ, Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն կիրակի ասել է, որ մտադիր է չորեքշաբթիից քաղաքի 9 շրջաններում փակել երկրորդական ձեռնարկություններն ու դպրոցները։ Այս միջոցառման համար անհրաժեշտ է նահանգապետի հավանությունը։

Առողջապահության ոլորտի փորձագետները վաղուց էին նախազգուշացնում, որ ցուրտ եղանակը, որը մարդկանց դրդում է մնալ փակ տարածքներում, կարող է նպաստել վիրուսի տարածմանը։ Այս օրերին Միջին արեւմուտքի հյուսիսում ցերեկվա առավելագուն ջերմաստիճանը կազմում է մոտ 10 աստիճան։

Մոնտանան հայտնել է նոր դեպքերի ռեկորդային թվի մասին վերջին 4 օրից երեքում, ինչպես նաեւ հիվանդանոցներում COVID-19-ով պացիենտների ռեկորդային թվի մասին։

Վիսքոնսինը նոր դեպքերի ռեկորդ է սահմանել վերջին 3 օրից երկուսում, նաեւ հայտնել է շաբաթ հոսպիտալացվածների ռեկորդային թվի մասին։ Թեստերի միջինը 22 տոկոսը դրական արդյունք է ունենում, ինչը երկրում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։

Վիսքոնսինի դեմոկրատ նահանգապետը օգոստոսի 1-ից դիմակային ռեժիմ էր մտցրել, սակայն հանրապետական օրենսիրներն աջակցում են այդ պահանջը վիճարկող հայցին։

Հյուսիսային Դակոտան, Հարավային Դակոտան եւ Վիսքոնսինը առաջատար են երկրում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող նոր դեպքերի թվով։

Վիսքոնսինից սենատոր Ռոն Ջոնսոնը հայտնի հարապետականներից մեկն է, ում կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական է եղել։ Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո արդեն, երբ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ վարակվել է կորոնավիրուսով։

Միջին Աեւմուտքում հիվանդացության ալիքի պատճառով Վիսքոնսինում եւ Միչիգանում Aspirus ցանցի ծերանոցներում արգելել են այցելությունների մեծ մասը, ինչպես այս տարի ավելի վաղ արդեն եղել է։

ԱՄՆ-ում օրական գրանցվում է միջինը 42 600 նոր դեպք եւ 700 մահ՝ սեպտեմբերի կեսի 35 հազար հիվանդացածների եւ մահվան 800 դեպքերի համաեմատությամբ։