Հոկտեմբերի 6-ից սկսած Փարիզում եւ արվարձաններում կգործեն նոր սահմանափակող միջոցներ, գրում է Le Figaro-ն:

Դեռ հայտնի չէ՝ կոնկրետ ինչ նոր միջոցների մասին է խոսքը: Սանիտարական անվտանգության նոր արձանագրության համապատասխան՝ ռեստորանները պետք է գրանցեն իրենց այցելուների կոորդինատները, որպեսզի անհրաժեշտության դեպքում կապ հաստատեն նրանց հետ: Ռեստորանների սեղանների միջեւ հեռավորությունը պետք է կազմի առնվազն 1,5 մետր, վճարումը պետք է կատարվի հենց հաճախորդի սեղանի մոտ:

Հասարակական սննդի կետերը պետք է փակ լինեն ժամը 22:00-ից հետո:

Պարբերականը նշում է, որ այդ սահմանափակող միջոցներն առաջարկվել են ռեստորանային ճյուղի աշխատակիցներին եւ հաստատվել Ֆրանսիայի կառավարությանն առընթեր առողջապահության բարձրագույն խորհրդի կողմից:

Պարբերականը նշում է, որ դեռ բաց է մնում սրճարանների եւ բարերի մասին հարցը: Դրանք, ամենայն հավանականությամբ, փակ կլինեն առաջիկա 15 օրերին:

«Առավելագույն վտանգի գոտի» կարգավիճակը սահմանափակումներ է մտցնում նաեւ դպրոցներում, համալսարաններում եւ կրթական այլ հաստատություններում, ուսուցումը կանցկացվի հեռավար ռեժիմով: