Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2 մասի հատկանիշով, քրեական գործ է հարուցվել ճանապարհային ոստիկանության աշխատակցի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ավելի վաղ Շամշյանը դեպքի վայրից հայտնել էր, որ մայիսի 24-ին, ժամը 00:30-ի սահմաններում, Կոմիտաս-16 շենքի դիմաց Ճանապարհային ոստիկանության Երեւանի 2-րդ հաշվառման քննական բաժանմունքի` ավագ լեյտենանտ` 42-ամյա Արտակ Գրիգորյանը վրաերթի էր ենթարկել երկու մարդու եւ փորձել խուսափել պատասխանատվությունից:
Երեւանի 2-րդ հաշվառման քննական բաժանմունքի տեսուչ` ավագ լեյտենանտի կոչումով Արտակ Գրիգորյանը, վարելով Toyota Prado մակնիշի 91 NN 999 համարանիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել հետիոտներ Իրանի քաղաքացիներ 16-ամյա Արդի Զարեհի Ավանոսյանի Հաջի Աբադեին (սովորում է Երեւանի թիվ 78 դպրոցի 11-րդ դասարանում) եւ 18-ամյա Արթուր Զարեհի Ավանոսյանի Հաջի Աբադեին (սովորում է Երեւանի պետական բժշկական համալսարանի 1-ին կուրսում): Տուժողները քույր ու եղբայր են: Նրանք մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդանոցում Արթուրը` գիտակցության չգալով մահացել է, իսկ քույրը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրանք փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով:
Վրաերթ կատարող ոստիկանության աշխատակից Արտակ Գրիգորյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներին հայտնել է, որ իբր, ինքը սրճարանում նստած է եղել, որտեղից դուրս գալուց հետո տեսել է, որ իր Toyota Prado-ն չկա, առեւանգել են: Ավելի ուշ, ոստիկանության Արաբկիրի բաժնի, ՃՏՀ քննության բաժնի աշխատակիցներն ու ոստիկանության փորձաքրեագետները կարողացել են ապացուցել, որ ոչ մի առեւանգում չի եղել, եւ վրարեթը կատարել է Արտակ Գրիգորյանը: Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ: Քիչ առաջ վերը նշված քրեական գործը տեղափոխվել է Հայաստանի հատուկ քննչական ծառայություն, քանի որ հաստատվել է այն տեղեկությունը, որ Արտակ Գրիգորյանը ոստիկան է: ՀՔԾ քննիչի որոշմամբ Արտակ Գրիգորյանը ձերբակալվել եւ տեղափոխվել է Երեւանի վարչության ձերբակալվածների պահման վայր:




























