Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել է, որ աշխարհի բնակիչների մոտ 10%-ը կարող է վարակված լինել կորոնավիրուսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«Ներկա գնահատականները մեզ ասում են, որ աշխարհի բնակչության մոտ 10%-ը կարող է վարակված լինել այս վիրուսով»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՀԿ գործադիր կոմիտեի հատուկ նիստում՝ նվիրված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին:

Ռայանը հավելել է, որ տատանումներ կան երկրներում, քաղաքային եւ գյուղական բնակավայրերում, ինչպես նաեւ՝ տարբեր խմբերում:

Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից աշխարհում գրանցվել է ավելի քան 35 միլիոն դեպք, ապաքինվել է 24,5 միլիոն մարդ, եւ ավելի քան 1 միլիոն պացիենտ մահացել է: Ռուսաստանում COVID-19-ով արդեն ավելի քան 1,2 միլիոն մարդ է հայտնաբերվել: