Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Թբիլիսիի քաղաքային ժողովի մեծամասնության հետ հանդիպման ժամանակ ընդդիմության բողոքի ակցիաներն անվանել է «դիմակահանդես փողոցում»` դրանց թիկունքում տեսնելով երրորդ ուժերի ազդեցությունը:

«Այն, ինչ մենք ստեղծում ենք, լրջորեն նյարդայնացնում է որոշ շատ լուրջ ուժերի»,- ասել է Սահակաշվիլին, բացատրելով, որ նկատի ունի «Ռուսաստանի  վարչապետ Վլադիմիր Պուտինին»:

«Բանն այն է, որ ես նրա հետ ոչ մի անձնական կոնֆլիկտ չեմ ունեցել, բայց մեր գլխավոր երազանքները չեն համընկել: Նրա գլխավոր երազանքը եղել է Խորհրդային միության վերականգնումը, որի մասին նա անկեղծորեն խոստովանել է, իսկ մեր երազանքը մեր միասնական պետության ստեղծումն է, որը կողմնորոշված է դեպի ժողովրդավարական ազատությունները, մարդկանց ազատությունները, կրթությունը, շինարարությունը, առաջատար դիրքերն աշխարհում»,- հավելել է Սահակաշվիլին, գրում է «Ինտերֆաքսը»:

Մի խոսքով, եւ Պուտինն էր ուզում վերականգնել իր Հայրենիքը, եւ մենք էինք ուզում վերականգնել մեր Հայրենիքը, բայց մեր հայրենիքները տարբեր են: Իմ հայրենիքը ԽՍՀՄ-ը չէ: Ես իմ գիտակցական կյանքի մեծ մասն անցկացրել եմ ԽՍՀՄ-ում, բայց դա իմ հայրենիքը չէր եւ ես չեմ կարոտում այն: Ես չէի սիրում ԽՍՀՄ-ը եւ ամեն ինչ կանեմ, որ նա չվերադառնա Վրաստան»,- ընդգծել է Վրաստանի նախագահը:

«Ապագան միշտ կհաղթի անցյալին»,- հայտարարել է Սահակաշվիլին, հավելելով, որ «Վրաստանում ամեն մի նոր շենք մի լրացուցիչ մեխ է ԽՍՀՄ-ի դագաղի վրա»:

«Դրա համար էլ այդ հակադրությունը կա: Այն, որ փողոցում ինչ-որ մեկը դիմակահանդես է կազմակերպում, դա զարմանալի չէ»,- ասել է Սահակաշվիլին: Նրա խոսքով, «այս ողջ դիմակահանդեսը նրանց պետք է, որպեսզի ինչ-որ մեկը տեսնի հեռուստատեսությամբ այդ ամենը եւ չեղյալ համարի իր այցելությունը Վրաստան, որպեսզի ներդրողները հյուրանոցներ չկառուցեն, որպեսզի տուրիստեն չգան մեր երկիր: Մենք այդ ամենն անցել ենք եւ մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել»:

Հիշեցնենք, որ մայիսի 21-22-ին Թբիլիսիում եւ Բաթումիում բախումներ են տեղի ունեցել Սահակաշվիլիի հրաժարականը պահանջող ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: