Այսօր ներկայացվեց Ռուսաստանի Դաշնության գլխավոր սանիտարական բժշկի զեկույցը: Բժիշկները ԵԱՏՄ երկրներում համաճարակաբանական իրավիճակի պատկերի հավաստիության հետ կապված կասկածներ չունեն: Այս մասին հոկտեմբերի 9-ին  Եվրասիական միջկառավարական խորհրդի երկրների վարչապետների նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Ըստ նրա` դա վստահություն է ներշնչում, որ Միության երկրներում օդային փոխադրումների վերսկսման խնդիրները շուտով կլուծվեն: «Այս խնդիրն ազդում է եւ՛ սոցիալական, եւ՛ բիզնեսի ոլորտների վրա»,- ասաց նա:

Անդրադառնալով առեւտրի ոլորտում տիրող իրավիճակին` Մյասնիկովիչը շեշտեց, որ թվերը ցույց են տալիս, որ ԵԱՏՄ երկրների համար արտաքին առեւտուրն ավելի գրավիչ է` հաշվի առնելով, որ ներքին առեւտրի տարեկան ծավալը 60 միլիարդ դոլարից ոչ ավելի է, իսկ երրորդ երկրների հետ առեւտրի ծավալը 750 միլիարդից ավել է կազմում:

Պաշտոնյան ընդգծեց նոր ձեռնարկությունների ստեղծման կարեւորությունը, որոնք բարձրորակ արտադրանք կարտադրեն սեփական ռեսուրսների հիման վրա:

«Այս ուղղությամբ դեռ շատ աշխատանք կա կատարելու»,- եզրափակեց նա: