Թուրքիայի մայր ընդդիմության՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Բայբուրթում(Բաբերդ) անցկացրած միտինգից հետո զբոսնել է քաղաքում, որտեղ մի դպրոցականի հետ զավեշտալի երկխոսություն է ունեցել։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  Բայբուրթում ավտոտեխսպասարկման մի կետի աշխատակիցները թուրք կուսակցապետին հրավիրել են թեյ խմելու։ Քըլըչդարօղլուն չի մեչժել հրավերը եւ մտել է արհեստանոց։  Այդ պահին արհեստանոցում գտնվող 8-րդ դասարանի աշակերտ Բուրաք Դուրսունը նկարվել է Քըլըչդարօղլուի հետ։  Կուսակցապետը հետաքրքվել է տղայից, թե ընկերուհի ունի՞, թե՞ ոչ եւ ստացել՝ «շատ» պատասխանը։ «Դու շատ ճարպիկ տղա ես երեւում, զգույշ եղիր։ Հանկարծ քո «կասետները» չհայտնվեն»,-ասել է Քըլըչդարօղլուն։  «Ոչ մի «կասետ» էլ չի հայտնվի»,-ասել է դպրոցականը՝ ծիծաղեցնելով շուրջը հավաքված մարդկանց։

Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի քաղաքական օրակարգը զբաղված էր ինտերնետում հայտնված «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար կազմի սեռական արկածների քննարկումներով, որոնք ստացել են «սեքս կասետներ» անվանումը։  Ինտերնետում հայտնված գաղտնի տեսագրությունների հետեւանքով միայն մեկ օրում հրաժարակ էր տվել «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար կազմի 6 անդամ։

Ի դեպ, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայկալը մեկ տարի առաջ եւս սեռական տեսագրության պատճառով հրաժարական տվեց։