Գիշերը վրացական ընդդիմության ակցիայի ցրման ժամանակ զոհվել է երկու մարդ, հայտնել է ՆԳՆ ներկայացուցիչը հատուկ ճեպազրույցի ընթացքում:
Նրանք զոհվել են Ազատության հրապարակում` ընդդիմության առաջնորդների շարասյան կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Հեռուստաալիքների եթերում ցուցադրվում են այդ միջադեպի կադրերը, որտեղ երեւում է, թե ինչպես է մարդն ընկնում, իսկ մեքենաներն առանց կանգնելու մեծ արագությամբ հեռանում են:
Զոհվել են ոստիկան Վլադիմիր Մասխուրաշվիլին եւ նախկին ոստիկան, 54-ամյա Նոդար Ցխադաձեն:
ՆԳՆ տվյալներով, ներկայումս հիվանդանոցներում են գտնվում 37 մարդ, այդ թվում` 8 ոստիկան: Տուժածների մեջ մեկ կին եւ մեկ լրագրող կա:
Վրացական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ ցրման ժամանակ զոհվել է մեկ ցուցարար:




























