Հայտնի է դարձել Արցախի փողոցում մայիսի 17-ին տեղի ունեցած սարսափելի վթարում կենդանի այրված 4 դիակներից մյուս երկուսի ինքնությունը:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինը պարզել է որ վթարի հետեւանքով մահացածներից մեկը Երեւանի Զաքյան փողոցի բնակիչ 66-ամյա թոշակաու Սիլվա Արզումանյանն է, իսկ մյուսը` Նոր Արեշի բնակիչ 17-ամյա Սամվել Անտոնյանն է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել 4 զոհվածներից երկուսի` «ԳԱԶԵԼ»-ի ու «Մերսեդեսի» վարորդների ինքնությունը:

«ԳԱԶԵԼ»-ի վարորդը «Լյուդվիգ եւ որդի» ՍՊԸ աշխատակից 62-ամյա Աշոտ Հովհաննիսյանն է: Հայտնի է նաեւ, որ նա նախկինում աշխատել է ոստիկանության համակարգում: Իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը 24-ամյա Սերգեյ Բաղշյանն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին, ժամը 21.10-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 24 շենքի հարակից տարածքում իրար էին բախվել «Մերսեդես» մակնիշի 23 ՍԼ 673 համարանիշի եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի 3456 Տ համարանիշի թիվ 76 երթուղին սպասարկող ավտոմեքենաները:  Բախման հետեւանքով, «ԳԱԶԵԼ»-ը պայթել էր եւ հրդեհ է բռնկվել: Երկու մեքենաներն էլ, կարելի է ասել, մոխրի են վերածվել: Մարդիկ մեքենաների մեջ կենդանի-կենդանի այրվել են:

Դեպքի վայր է  ուղարկվել երկու մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է ժամը 21։36-ին, մարվել՝ 22:35-ին: Վթարից մահացել էր 4 եւ վիրավորվել 9 մարդ:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի