Դինքի սպանության գործով հերթական դատավարությանը մարդասպան Օգյուն Սամասթը դատարան էր եկել իր կատարած հանցանքի մասին պատմող գրքերով եւ կրկին իր արարքի համար մեղադրանքներ ներկայացրել Hurriyet եւ Vatan թերթերին։

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ անչափահասների համար նախատեսված Ստամբուլի 2-րդ դատարանում  Դինքի սպանության գործով հերթական դատավարության ժամանակ պաշտպանել է իրեն՝ մեղադրանքներ ներկայացնելով Hurriyet եւ Vatan թերթերին։ «Գլխավոր մեղավորները Hurriyet եւ Vatan թերթերի ղեկավարներն են։ Նրանք էին Դինքի մասին իրենց թերթերի շապիկներին գրում. «Հայրենիք դավաճան», Անամոթ հայ»։ Ո՞ւր են հիմա նրանք։ Ինչո՞ւ չեն դատվում։ Ինո՞ւ էին նման վերնագրեր դնում։ Ո՞ւմից էին նման հրաման ստացել»,-հարցրել է իր խոսքում Դինքի մարդասպան Օգյուն Սամասթը։

Աչքի է զարնել այն, որ Սամասթը դատական նիստի էր եկել Դինքի սպանության մասին պատմող «Մի հայ կա» եւ «Ինչեր չենք արել այս հայրենիքի համար» գրքերը։

Դատական նիստին Դինքի ընտանիքի անդամներից ոչ ոք չի մասնակցել։

Նշենք, որ Օգյուն Սամասթի փաստաբանի դիմումի համաձայն՝  նրա գործը տեղափոխվել էր Ստամբուլի անչափահասների համար նախատեսված դատարան, քանի որ փաստաբանը հիմնավորել է, թե սպանության պահին Սամասթը անչափահաս է եղել։

Օգյուն Սամասթը նախորդ դատական նիստի ժամանակ դատարանում նամակ էր ընթերցել, որտեղ իրեն անմեղ էր համարել՝ մեղադրելով լրատվամիջոցներին։ «Որտե՞ղ են այն անձիք, ովքեր ինձ հասցրեցին այս վիճակին: Մի՞ թե ես էի գրում, որ Հրանտ Դինքն ու Օրհան Փամուքը պետության դավաճաներ են, մեզ հայհոյում են, ցանկանում են Թուրքիան մասնատել: Մի՞ թե ես էի հեռուստատեսությամբ ընթացող քննարկումներում ասում, թե չկա՞ արդյոք հայրենքի մի զավակ, որ նրանց կսպանի: Ես այս ամենի զոհը դարձա: Իսկ այդ ամենը գրողները որտե՞ղ են:  Այն անձիք, ովքեր պարզել են «Հրանտի համար, արդարության համար», թող իմ ձայնը լսեն եւ պարզեն այն հոդվածները, որոնք քին ու ատելություն էին սերմանում», -նշել է Օգյուն Սամասթը: