Հայաստանի ոստիկանությունը հնարավորինս պարզեցնում է տրանսպորտային միջոցների գրանցման եւ հաշվառման ամբողջ ընթացակարգը: Այս մասին այսօր` մայիսի 26-ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Ալիկ Սարգսյանը: «Քաղաքացու մեքենան հաշվառման կանգնեցնելու պահից նույնիսկ պետական գրանցման վկայականը չենք պահանջում: Այդ գործառույթը եւս ոստիկանությունը վերցնում է իր վրա: Արագ կարգով կստուգի, տեղեկանք կտրամադրի, որպեսզի հերթեր չկուտակվեն»,-ասել է ոստիկանապետը:
Վերջինիս խոսքով, այսուհետ նույնիսկ առանց վարորդի մեքենայից դուրս գալու ճանապարհային ոստիկանությունն անմիջապես զննման է ենթարկում թափքի համարը: Շարժիչի համարի ստուգումն, ըստ ոստիկանապետի, հանվում է ընթացակարգից, որովհետեւ բավականին ժամանակ է խլում:
«Քաղաքացին հնարավորություն է ունենում առանց դիմում գրելու ընտրել իր նախընտրած համարանիշը: Ի դեպ, որպես այդպիսին, աճուրդային համար այլեւս չի լինելու: Թեեւ գնային քաղաքականությունը կպահպանվի, բայց քաղաքացին հնարավորություն կունենա տեսնել իր նախընտրած համարը, որը նշելուց հետո այն տպագրվում է եւ տրվում: Քաղաքացին ստանում է մեքենայի տեխնիկական անձնագիրը եւ իր համարանիշը»,- պատմել է Սարգսյանը:
Վերջինիս հավաստմամբ, տեղի հետ կապված խնդիրը նույնպես լուծվել է. «Օրինակ, երբ սյունիքցին երեւանցուն էր վաճառում մեքենան, նա պետք է հասներ Սյունիք ու հաշվառումից հաներ մեքենան, 3 հազար դրամ էլ մուծեր համարանիշ ունենալու համար: Հիմա հեշտացել է ընթացակարգը եւ կարելի է դա անելու համար դիմել Երեւանի կամ Սյունիքի հաշվառման կենտրոն: Սրանով կոռոպցիոն ռիսկերն ենք նվազեցնում` ոստիկան քաղաքացի կապը հասցնելով նվազագույնի: Նույնիսկ աշխատելու ենք, որ մաքսավորը մեզ մոտ լինի, որպեսզի ողջ գործընթացը հաշված րոպեների ընթացքում լինի»,-ասել է Ալիկ Սարգսյանը:




























