Հայ-լեհական ոստիկանական համագործակցության խորացման եւ ընդլայնման հարցեր են քննարկել Երեւանում գտնվող Լեհաստանի Ազգային ոստիկանության գլխավոր հրամանատարի տեղակալ Վալդեմար Յարչեւսկին ու ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ Արմեն Ղուկասյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության կառուցվածքը, գործունեությունը, ոստիկանության աշխատանքների գնահատման չափորոշիչները, նաեւ բարեփոխումների ծրագիրն ու ընթացքը: Իր հերթին Վալդեմար Յարչեւսկին ներկայացրել է Լեհաստանի ոստիկանությունը, գործունեությունը, գնահատման չափորոշիչները:
Մայիսի 25-ին Լեհաստանի Ազգային ոստիկանության գլխավոր հրամանատարի տեղակալ Վալդեմար Յարչեւսկին հանդիպել է Հայաստանի ոստիկապետ Ալիկ Սարգսյանի հետ:
Անդրադառնալով ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին` ոստիկանության պետը կարեւորել է Հայաստանի պատվիրակության 2010 թ. նոյեմբերյան այցը Լեհաստան եւ համոզմունք հայտնել, որ երկու գերատեսչությունների համագործակցությունը Վարշավայում ստորագրված Հռչակագրի շրջանակներում գործնական արդյունքներ կտա բոլոր ոլորտներում, սկսած ոստիկանության կրթական համակարգի արդիականացումից, մինչեւ կենսաչափական տվյալներով անձնագրերի ներդրումն ու օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը:
Նույն օրը Լեհաստանի ոստիկանության պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ, եղել Ցեղասպանության թանգարանում: Նրանք այցելել են նաեւ Մայր աթոռ սուրբ Էջմիածին եւ ծանոթացել թանգարանի պատմական ցուցանմուշներին:
Այսօր` մայիսի 26-ին լեհական պատվիրակությունը մեկնել է Երեւանից:



























