Չնայած արտաքին տնտեսական բացասական ազդակներին, փակ սահմաններին, աշխարհաքաղաքական, սոցիալական եւ կառուցվածքային խնդիրներին` մեր տնտեսությունն ունի իր զարգացման տեմպերով աշխարհի առաջատար երկրների մեջ լինելու իրական հնարավորություն:

Այսօր` մայիսի 26-ին ելույթ ունենալով ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի չորրորդ համագումարում` նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` գործարարությունն ամենաշատն է պարտավոր հետ չմնալ համաշխարհային տնտեսության չափազանց դինամիկ տեմպերից` քայլել ոչ թե իրադարձությունների հետեւից, այլ մեկ քայլ առաջ:

Բացի այդ` Ս. Սարգսյանը կոչ արեց գործարարների շահերը պաշտպանող կազմակերպություններին, տվյալ դեպքում` ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատին, ավելի ակտիվորեն ներգրավվել տնտեսական քաղաքականության մշակման եւ իրագործման գործընթացում:

«Նախորդ տասնամյակի ընթացքում արձանագրված տնտեսական աճի շարունակական երկնիշ մակարդակը լավագույն վկայությունն է նրա, որ պարբերական համաշխարհային ճգնաժամերի միջեւ ընկած ժամանակահատվածում երկիրը, իրականացնելով նպատակային տնտեսական քաղաքականություն, ունենալով տնտեսական վերելքի հստակ նպատակադրում եւ հետեւողական առաջնորդություն` կարող է հասնել աննախադեպ արդյունքների»,- ասաց հանրապետության նախագահը: