ԵԱՀԿ Համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը դրական է եւ հստակ ու խիստ ազդակներ է պարունակում` ուղղված Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումներին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Նիկոլա Սարկոզիի Դովիլում ընդոնած հայտարարությունը:
«Հայտարարությունը հիմնականում համահունչ է հայկական կողմի դիրքորոշումների հետ:
ա. Համանախագահները կոչ են անում բացառապես խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը: Բազմաթիվ անգամ նախագահ Սարգսյանը կոչ է արել Ադրբեջանցի իր գործընկերոջը ստորագրել մի համայաձայնագիր ուժի չկիրառման մասին, ինչին Ալիեւը պատասխանել է մերժումով:
բ. Երեք նախագահները նշում են, որ ուժի կիրառումը անթույլատրելի է: Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում անընդհատ խոսում է ուժի կիրառման հնարավորության մասին:
գ. հայտարարության մեջ նշվում է, որ ուժի կրկնակի կիրառումը աղետալի կլինի: Սա կրկին համահունչ է հայկական կողմի դիրքորոշումներին: , Ղարաբաղում ագրեսիոն պատերազմը սկսել է Ադրբեջանը, եւ բազմիցս ասել ենք, որ այն կողմը, ով կսկսի պատերազմը, ավելի մեծ աղետների կհանգի:
դ. կողմերը կոչ են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հասարակություններին պատրաստել խաղաղության: Մեզ համար ընդունելին միայն ու միայն խնդրի խաղաղ կարգավորումն է, ուստի հայտարարության այս դրույթը եւս պատասխան է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումներին:
ե. եւ ի վերջո, նախագահները կոչ են անում ոչ թե երկու կողմերին, այլ կողմերին` անուղղակի ընդունելով, որ կան երկուսից ավելի կողմեր»,- արձանագրել է Էդուարդ Շարմազանովը:




























