Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարությունը, որն ընդունվել էր մայիսի 26-ին Դովիլում, «նորմալ դեմագոգիա է»: NEWS.am –ի թղթակցի ուշադրությունը դրա վրա հրավիրեց Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի վերլուծական բաժնի ղեկավար, փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը:
«Դե, իսկ ի՞նչ պետք է անեն նրանք, եթե կողմերը չգան համաձայնության: Բացարձակապես պարզ է, որ ոչինչ», -նշել է փորձագետը` ընդգծելով, որ կողմրի տեսակետները ինչպես եղել էին արմատապես հակադիր, այդպես էլ մնում են, նրանց չհաջողվեց դրանք մոտեցնել այս տարիների ընթացքում:
«Մինչ օրս ոչ ոք չի հասկացել, ով է ճիշտ, ով` մեղավոր, ինչ պայմաններով պետք է համաձայնություններ ձեռք բերվեն եւ այլն: Այս ամենը ինչպես եղել էր դամագոգիա, այնպես էլ մնում է: Պարզապես այսօր ընդունված չէ ասել «ձեր գործն է` ինքներդ էլ որոշեք», ահա եւ «անհանգստություն» են ցուցաբերում… Ցուցադրություն է », - եզրակացրել է Ալ. Խրամչիխինը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները մայիսի 26-ին G8-ի գագաթաժողովի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ համատեղ հայտարարություն էին ընդունել։ Փաստաթղթում կողմերը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ են արել քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում ավարտել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ աշխատանքները։
«Մենք հաստատում ենք, որ միայն բանակցությունների ճանապարհով կարգավորումը կարող է հագեցնել խաղաղության, կայունության եւ հաշտեցման՝ տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության հնարավորություններ ընձեռելով։ Համոզված ենք, որ եկել է ժամանակը, որպեսզի ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը դեպի խաղաղ կարգավորում քայլ անեն»,-ասվում է հայտարարության մեջ:




























