Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի  եւ նրա կողմնակիցների պլանների հետեւում «մեծ բանակ, անվտանգության ծառայություն,  կաշառելու եւ նավթի  մեծ ռեսուրսներ, ինչպես նաեւ մեծ կայսերական հավակնություններ կան (Ռուսաստանի) կան, որոնցից կորցնում են գլուխը»: Նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` Նինո Բուրջանաձեի եւ  նրա որդու սկանդալային հեռախոսազրույցի հրապարակումից հետո:

Միաժամանակ նա ասել է, թե դեմ է հեռուստատեսությամբ հեռախոսազրույցները հեռարձակելուն, սակայն հասարակությունը պետք է լսի այդ սկանդալային խոսակցությունը:

«Եթե դրանք լինենին միայն տեղական ոչնչությունների ծրագրեր, ես լուրջ չէի ընդունի: Սակայն երբ գիտենք, որ այդ մարդիկ երբեք հետ չեն կանգնի իրենց ծրագրերից, դրան արդեն լուրջ ենք վերաբերում», -ասել է Սահակաշվիլին:

Նա հավաստիացրել է, որ Վրաստանն ունի «ոստիկանության եւ հակահետախուզության շատ լավ ծառայություններ, բոլոր մակարդակներում բավականին փորձառու իշխանություններ, եւ, ամենակարեւորը, հպարտության արժանի ժողովուրդ»: Ուստի, բացատրել է նա, «երբ «հինգերորդ շարասյունն»  այդկերպ է գործում, Վրաստանի քաղաքականությունում անհրաժեշտ է  ստեղծել խաղի մարդկային կանոններ»: