«Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում անելով NEWS.am-ին, անդրադարձել է համացանցում հայտնված սկանդալային տեսագրությանը, որտեղ երեւում է, թե ինչպես է ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական, Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախկին փոխնախարար Արմեն Գեւրգյանը պոռնո լուսանկարներ դիտում ԵՄ-Հայաստան խորհրդաժողովի ժամանակ, որի ընթացքում ելույթ է ունեցել նաեւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Թերթը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարցրել է, թե ինչպե՞ս է նա գնահատում տեղի ունեցածը: «Դա քրեորեն պատժելի արարաք չէ, էթիկայի նորմերի խախտում է, եւ եթե Հանրային ծառայության մասին օրենքը մտնի ուժի մեջ, ապա տեղի ունեցածը կարող է դառնալ էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա: Եւ, հաշվի առնելով, որ քաղաքական պաշտոնյայի հետ գործ ունենք, նա կարող է քաղաքական պատասխանատվության ենթարկվել ընդհուպ` աշխատանքից ազատում»,-ասել է նախարարը: Նույն հարցը «ՀԺ»-ն ուղղել է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նա պատասխանել է, թե եթե նման դեպք է եղել, ծառաոյղական քննություն պետք է լինի, եւ մեղավորը պետք է պատժվի: «Թե ինչ ձեւով, ծառայողական քննությունը ցույց կտա»,-ասել է վարչապետը:



























