«Հրապարակ»-ը գրում է. «Ոստիկանության քննչական վարչությունը որոշել է քրեական գործի հարուցումը մերժել եւ Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցակազմի բացակայության հիմքով: «Հրապարակ»-ի խմբագրության վրա հարձակում գործած անձը, որ խանգարել է մեր աշխատանքը, սեռական հայհոյանքներ տեղացել, բաժակներ կոտրել, քաշքաշել լրագրողնրեին, սպառնացել ու անիծել, վնաս պատճառել գլխավոր խմբագրին, կարող է անպատիժ մնալ: Փաստորեն, Ալիկ Սարգսյանն ու Մարգարիտա Խաչատրյանը համագործակցված պայքարում են «Հրապարակ»-ի դեմ: Մենք այլ ատյաններում (դատախազություն, դատարան) բողոքարկելու ենք այդ որոշումը եւ պարզելու ենք մամուլի դեմ պայքարողների ամբողջական ցուցակը»:

Երբ թերթի թղթակիցը Ալիկ Սարգսյանին հարցրել է, թե արդյոք մամուլի դեմ հերթական ոտնձգությունը չէ՞ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի կենտրոնական քննչական բաժնի որոշումը, որով մերժվել է Մարգարիտա Խաչատրյանի դեմ քրեական գործի հարուցումը, ոստիկանապետն արձագանքել է. «Անկեղծ ասած, ավելի շատ կարեւորություն չտվեցի այս գործին, մենք ավելի լուրջ գործեր ունենք այս պահին, ուղղակի չեմ հարցրել` գործը կարճվեց, թե չէ: Կճշտեմ-կասեմ»: