«Ազգային անվտանգության խորհրդի նիստերն այնքան հետաքրքիր են անցնում, որ ուղղակի անբարոյականություն է այնտեղ պոռնո դիտելը»,- Ազգային Ժողովում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` մեկնաբանելով այն լուրերը, թե ՕԵԿ առաջնորդ եւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ նիստերն այնքան անհետաքրքիր են, որ մասնակիցները զվարճանում են պոռնո-կայքեր այցելելով:

Ըստ Մարգարյանի, ԱԱԽ անխտիր բոլոր նիստերն այնքան հետաքրքիր են, որ հնարավոր չէ ձանձրանալ: «Եթե մարդն անբարոյական է, ինչ կարող ես անել. Տեսակ կա մարդու։ Մարդ կարող է լինել եւ նողկալի, եւ առաքինի»,- ասել է պատգամավորը` հիշեցնելով, որ խորհրդարանում էլ լինում են դեպքեր, որ իր գործընկերները նիստերի ժամանակ խաղեր են խաղում:

Նշենք, որ տեսագրություն էր տարածվել, թե ԱԱԽ-ում Հայաստան-Եվրամիություն նիստում ինչպես է պաշտոնյաներից մեկը հեռախոսով պոռնո-կայք այցելում: Հայտնի է նաեւ այդ պաշտոնյայի անունը, նա էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արմեն Գեւորգյանն է: