Արտահերթ ընտրությունները բացառված են, որովհետեւ արտահերթ ընտրությունների համար Սահմանադրությամբ նախատեսված հիմքեր պետք է լինեն, որոնք այս պահին չկան: Այս մասին այսօր` մայիսի 27-ին, ասաց Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Նրա խոսքով` այսօր չկա որեւէ հիմք, որի հիման վրա ԱԺ-ն լուծարվի կամ հանրապետության նախագահը հրաժարական տա:
«Բացի այդ, նպատակահարմար էլ չէ արտահերթ ընտրություններ պահանջել, որովհետեւ մնացել է ընդամենը 11 ամիս»,- ասաց նա` հավելելով, որ ընդունել են «շատ հիանալի, գեղեցիկ, ընդդիմության բոլոր առաջարկները ընդունած «Ընտրական օրենսգիրք», որը հնարավորություն կտա ընդդիմությանը պատրաստվելու ընտրություններին եւ հաղթելու:
Ասուլիսի մյուս բանախոսը` «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն ասաց, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը երկխոսություն է երկու մարդկանց միջեւ, երբ մեկը մյուսին չի լսում. «Այսինքն, այնտեղից ասվում է` անպայման արտահերթ ընտրություններ, այստեղից ասվում է, որ արտահերթ ընտրությունները հնարավոր չեն»,- ասաց նա` կանխատեսելով, որ երկու կողմից էլ հռետորությունը դառնալու է ավելի զգայուն, եւ քաղաքական ուժերը պատրաստվում են հերթական ընտրությունների: «Այն բոլոր խնդիրները, որոնք առկա էին, շարունակում են մնալ` սոցիալական, տնտեսական, քաղաքական»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքին, ապա Արամ Կարապետյանը չցանկացավ բանավիճել այդ հարցի շուրջ` նշելով, որ կարող է լինել շատ լավ ընտրական օրենսգիրք, բայց չլինել քաղաքական կամք` դա իրագործելու համար:




























