Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) այսօրվա՝ մայիսի 27-ի նիստում տուգանեց Ստամբուլ-Երեւան բեռնափոխադրումներ իրականացնող 4 ընկերությունների: «Չորս ընկերը» տուգանվեց 55 մլն դրամով, «Սոհոն»՝ 30 մլն դրամով, «Պրոֆ իմպրոտեքսը»՝ 10 մլն դրամով, «Նանիսը»՝ 5 մլն դրամով: Տուգանքների չափը համապատասխանում է շուկայում այդ  ընկերությունների դիրքին: Մասնավորապես, Հանձնաժողովի ուսումնասիրություններով պարզվել է, որ Թուրքիայից բեռնափոխադրումների կեսից ավելին իրականացնում է «Չորս ընկերը»:

Հանձնաժողովի նիստը ինչ-որ առումով վերածվեց զավեշտի: Բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները միահամուռ հայտարարեցին, որ իրենք բնավ էլ բեռնափոխադրող չեն, այլ զբաղվում են ներմուծմամբ: Սակայն կառավարության շենքի առջեւ ցույց անող մի քանի տասնյակ քաղաքացիներ միահամուռ վկայում էին, որ այդ ընկերությունների միջոցով ապրանքներ են ներկրել: Օգտվելով շուկայում այլ տնտեսվարողերի բացակայության հանգամանքից` բեռնափոխադրողներն ապրանքի մաքսազերծման համար առեւտրականներից նախկին 4 դոլարի փոխարեն պահանջել են 8 դոլար (Չինաստանի պարագայում պահանջել են14 դոլար, նախկին 7-ի փոխարեն):

Հանձնաժողովն այս 4 տնտեսվարողներից պահանջել է թանկացման պատճառների հիմնավորում: Ընկերությունների հայտարարության մեջ նշված է, որ միջնորդավճարի բարձրացման պատճառներն են Թուրքիայում գտնվող պահեստի վարձավճարի, թուրքական ընկերությունների աշխատակիցների սոցապահովության վճարների, Ստամբուլում գտնվող պահեստների վարձակալության գնի բարձրացումն է: Նրանք նշել են նաև, որ  բեռի տեղափոխման ժամանակ Վրաստանում առաջացել են չնախատեսված մեծ ծախսեր, ինչը եւս անդրադարձել է միջնորդավճարի բարձրացման վրա:

Այսինքն, ըստ տնտեսվարողների, գների բարձրացումը կապված է ծախսերի ավելացման հետ եւ մաքսազերծման գների փոփոխություն չի եղել:

Սակայն նշված 4 ընկերություններից եւ ոչ մեկը չի ներկայացրել որեւէ փաստաթուղթ, որով կհիմնավորվեր պատճառաբանություններից գոնե մեկը:   

Հասկանալով, որ այդ դեպքում տուգանքներից խուսափել չի լինի` բեռնափոխադրողները փոխել են մարտավարությունը: Նրանք Հանձնաժողովին ներկայացրել են փաստաթղթեր՝ ապացուցելու, որ իրենք բնավ էլ բեռնափոխադրող չեն: Սակայն Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի դիտարկմամբ՝ այդ դեպում ինչո՞ւ էին նախապես պատճառներ թվում բեռնափոխադրման արժեքը բարձրացնելու վերաբերյալ:

Արտակ Շաբոյանը կասկածելի համարեց, որ բեռնափոխադրող ընկերություները մշտապես նույն պատճառաբանություններն են բերում, այնուհետեւ՝ նույն փաստարկներով հրաժարվում իրենց նախկին բացատրություններից:

Հանձնաժողովը միաձայն այս 4 ընկերություններին մեղադրեց հակամրցակցային համաձայնություն կայացնելու մեջ եւ սահմանեց տուգանքներ: