ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների վերջին հայտարարությունը մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում բխում է հայկական կողմի շահերից, քանի որ արտացոլում է նրա դիրքորոշումը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա խաղաղ կարգավորման առումով: Այդ մասին Ազգային Ժողովում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով, հայտարարության մեջ առկա կոչերը ավելի շատ ուղղված են ադրբեջանական կողմին, քան` հայկական:
Նման կարծիք հայտնել է նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նրա խոսքով, ղարաբաղյան գործընթացում հայկական կողմի սկզբունքներն արդեն դարձել են ԵԱՀԿ Մինսկի համանախագահների սեփականությունը: Նա նկատել է, որ միջազգային հանրությունը կոչ է անում հենց Ադրբեջանին աշխատել իր հասարակության կարծիքի վրա, քանի որ Բաքուն է միշտ խոսում փոխզիջումների անհնարինության մասին: «Աշխարհն արդեն հասկացել է, թե ում հետ գործ ունի: Ադրբեջանն ասում է մի բան, անում` այլ բան»,- նկատել է պատգամավորը:
Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարության մեջ բացասական է համարել հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ հավասարության նշան դնելու փաստը: Ընդ որում, Մինասյանն ընդգծել է, թե փաստաթղթում խոսվում է հակամարտության կողմերի մասին, եւ դա լավ նախադրյալ է Հայաստանի համար պնդել Ստեփանակերտի մասնակցությունը:



























