Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահների կողմից մայիսի 26-ին G8-ի գագաթաժողովի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հայտարարությունը վկայում է, որ ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ընթանում են աշխույժ պրոցեսներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 27-ին հայտարարեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Պետք է շատ զգոն լինել, որովհետեւ ԼՂ խնդրի կարգարումն իր կարեւորությամբ Հայաստանում քաղաքական հարցերի մեջ առաջին տեղում է»,-նշեց ՀԱԿ մամուլի խոսնակը` հավելելով, որ դրա վերաբերյալ ՀԱԿ-ը շուտով հանդես կգա հայտարարությամբ:

Պատասխանելով մայիսի 31-ի հանրահավաքից հետո ՀԱԿ հետագա գործողությունների վերաբերյալ հարցին` ընդդիմության ներկայացուցիչն ասաց, որ ՀԱԿ-ը տարբեր քայլեր ունի պլանավորած, որոնք համարժեք են  քաղաքական զարգացումների տարբեր սցենարներին: Այդ սցենարները, ըստ Մուսինյանի, չեն կարող լինել վերջնական եւ ստատիկ, քանի որ քաղաքական պրցեսները շատ դինամիկ են ընթանում եւ ի հայտ են գալիս նոր գործոններ: Մուսինյանը այս համատեքստում նշեց, որ ՀԱԿ-ի հետագա քայլերի մասին ավելի մանրամասն կխոսվի ՀԱԿ-ի մայիսի 31-ի հանրահավաքում: