Իշխանությունները եւ Հայ ազգային կոնգրեսը ղարաբաղյան հակամարտության լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների շուրջ գաղափարական առումով նույնանման տեսակետ ունեն, ավելին, իշխանությունը ԼՂ հարցի լուծման հարցում բավական մոտ է 1997-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած լուծման ուղուն։ Մայիսի  27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։

«Վերոնշյալ երկու հարցերի շուրջ այդ ուժերը նույնիսկ կարող են համագործակցել։ Սակայն «Ժառանգությունը» շարունակում է մնալ ԼՂ անկախության ճանաչման գաղափարին հավատարիմ, եւ չի ընդունում լուծման այն տարրբերակները, որոնց կողմ են իշխանությունն ու ՀԱԿ-ը։ Բացի այդ, մեր կուսակցությունը չի ընդունում նաեւ Մադրիդյան սկզբունքները, որոնց մշտապես հավանություն են տալիս իշխանությունները»,- նկատեց Մարտիրոսյանը։ 

Նշենք, որ խորհրդարանն ամիսներ առաջ մերժել էր «Ժառանգություն» կուսակցության՝ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագիծը։